Սմբուկը հարուստ է B խմբի վիտամիններով, պարունակում է նաև A, E, K, C վիտամիններ, կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ, նատրիում, ցինկ, սիլիցիում, մոլիբդեն, պղինձ, մանգան, կոբալտ։
Սմբուկը նաև հարուստ է անտոցիաններով (հենց սրանք են պատասխանատու սմբուկի երանգի համար), որ ունեն հակաօքսիդանտ հատկություն։
Ընդունված է սմբուկը որակել որպես բնական հակաբիոտիկ, ինչպես նաև լյարդը մաքրող դեղամիջոց։
Ցածր կալորիականության շնորհիվ սմբուկը դիետիկ սննդակարգի կարևոր բաղադրիչներից է։ Այն հատկապես օգտակար է աթերոսկլերոզի, կալիումի բարձր պարունակության շնորհիվ սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում, ցուցված է նաև հոդատապի, հոդաբորբի դեպքում, սմբուկն օգտակար է նաև օստեոպորոզի կանխման, գլխուղեղի անոթների առողջության համար։
Շաքարային դիաբետ ունեցողների սննդակարգում սմբուկն անփոխարինելի տեղ ունի, բայց որևէ դեպքում չարաշահել պետք չէ։
Սմբուկը օգտակար է նաև սակավարյունության դեպքում, նպաստում է նաև ոսկորների ամրությանը։
Որքան հասունացած է սմբուկը, այնքան շատ սոլանին կարող է պարունակել (պայմանավորում է սմբուկի դառնահամությունը)։
Սոլանինը կարող է պատճառ դառնալ սննդային թունավորման։ «Երիտասարդ» սմբուկները «ապահովագրված» են նման խնդրից։
Ստամոքսա-աղիքային համակարգի խնդիրներ ունեցողները ևս պետք է զգուշորեն օգտագործեն սմբուկ։ 12-մատնյա աղու խոցի, ալերգիայի դեպքում պետք է սննդակարգից բացառել սմբուկը։
