Բժիշկ Մյասնիկովը նշել է՝ որն է սրտամկանի ինֆարկտի մասին հուշող ամենաարտասովոր ախտանշանը

Սրտանոթային համակարգի հիվանդությունները համարվում են ամբողջ աշխարհում մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը, ինչը պայմանավորված է նրանով, որ դրանք հաճախ ախտահարում են մարդու կարևորագույն օրգաններից մեկը՝ սրտամկանը, և հազվադեպ են ախտորոշվում ժամանակին։

Այս համակարգի առավել վտանգավոր հիվանդություններից մեկը սրտամկանի ինֆարկտն է, որը սովորաբար ասոցացվում է կրծքավանդակի ցավի հետ, սակայն կան նաև այլ ախտանշաններ, որոնք կարող են շատ ավելի շուտ նախազգուշացնել սրտամկանի ինֆարկտի բարձր հավանականության մասին՝ թույլ տալով կանխել հնարավոր անդառնալի հետևանքները։

Ինչպես նշել է ռուս հանրահայտ բժիշկ ու հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Россия 1» հեռուստաալիքի եթերում, նման նախանշաններից մեկը կարող է լինել որովայնի ցավը, որը մարդիկ հազվադեպ են կապում այս հիվանդության հետ։

Բժշկի խոսքով՝ ցավի այս տեսակն ի հայտ է գալիս սրտամկանի հետին ու ստորին պատերի ինֆարկտի դեպքում։ Ընդ որում՝ մասնագետը նախազգուշացնում է, որ որովայնից բացի տհաճ զգացողություններ կարող են ի հայտ գալ նաև մարմնի այլ հատվածներում, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել։

«Միշտ չէ, որ դա կրծքավանդակի խորքի «դասական» այրոցն է լինում։ Դա կարող է լինել նաև ձեռքի ցավը, որովայնի ցավը, մատների ցավը, գլխացավը կամ ատամի ցավը», – ընդգծել է Մյասնիկովը։

Սրտի նոպան ծանր պաթոլոգիկ վիճակ է, որը պայմանավորված է լինում սրտամկանի արյան մատակարարման սուր անբավարարությամբ և ուղեկցվում է օրգանի ախտահարված հատվածի իշեմիայով ու հյուսվածքների մեռուկով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ տարեկան սրտանոթային հիվանդություններից ամբողջ աշխարհում մահանում է ավելի քան 17,5 միլիոն մարդ։ Ընդ որում՝ գլխուղեղի կաթվածի ու սրտամկանի ինֆարկտի վաղաժամ դեպքերի 80 տոկոսը կարելի է կանխարգելել։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Goodblog