Տոկիոյի բժշկության եւ ստոմատոլոգիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ լոլիկի անալի հյութի կանոնավոր օգտագործումը կարող է զգալիորեն նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են PubMed գիտական պորտալում։
Հետազոտությանը մասնակցել է Կուրիյամա քաղաքի 481 բնակիչ։ Մեկ տարվա ընթացքում փորձարկվողներին խնդրել են խմել լոլիկի հյութ ցանկալի քանակությամբ: Արդյունքում՝ նախահիպերտոնիայով կամ հիպերտոնիայով տառապող 94 մասնակիցների մոտ արյան ճնշման զգալի նվազում է գրանցվել: Միջին սիստոլիկ ճնշումը նվազել է 141,2-ից մինչեւ 137,0 միլիմետր սնդիկ սյան, իսկ դիաստոլիկը՝ 83,3-ից մինչեւ 80,9 միլիմետր սնդիկի սյան:
Եվս 125 կամավորների մոտ արյան «վատ» խոլեստերինի մակարդակը 155,0-ից նվազել է մինչեւ 149,9 մգ/դլ-ի։ Ընդ որում՝ այս բարերար ազդեցությունը նկատվել է անկախ մասնակիցների տարիքից եւ սեռից։

Հետազոտողները նշել են, որ կամավորների ապրելակերպում մեկ տարվա ընթացքում էական փոփոխություններ չեն կատարվել՝ ենթադրելով, որ լոլիկի հյութը առանցքային դեր է խաղացել առողջության արդյունքների բարելավման գործում:
Գիտնականները ենթադրել են, որ լոլիկի հյութը կարող է դառնալ սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման մատչելի եւ արդյունավետ միջոց, քանի որ օգնում է վերացնել ռիսկի երկու կարեւոր գործոն՝ արյան բարձր ճնշումը եւ ավելորդ խոլեստերինի հետեւանքով առաջացող աթերոսկլերոզը:
